ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Փաստերի ստուգման ձեռնարկի
տպագիր տարբերակը
Ուղեցույցը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագծի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է Միացյալ Նահանգների, գերմանական Մարշալի հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Բլեք Սի Թրասթ»-ի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ:


Հեղինակ ՝ Սամվել Մարտիրոսյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ։
Փաստերի ստուգումը հանդիսանում է լրագրողների աշխատանքի հիմնական գործառույթներից մեկը։ Ինտերնետային միջավայրում հնարավոր ապատեղեկատվության տարածումը ավելի ու ավելի լուրջ խնդիր է դառնում։ Մյուս կողմից, հենց համացանցն էլ թույլ է տալիս ստանալ ահռելի քանակի տեղեկատվություն, որը ստուգում է պահանջում։ Ցանցային տեղեկատվության ստուգման համար գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ եւ հնարքներ։

Խորացված որոնում



Փաստերի ստուգման ամենաառաջին գործողություններն սկսվում են որոնողական համակարգերում, որոնք թույլ են տալիս, օրինակ, գտնել լուսանկարների սկզբնաղբյուրը կամ տվյալ էլեկտրոնային հասցեի հետքերը եւ այլն։

Որոնողական համակարգերից հիմնական օգտագործվող գործիքը «Google»֊ն է շատ պարզ պատճառով. այս համակարգն ունի տվյալների ամենամեծ շտեմարանը համացանցի մասին։ Բայց պետք է հաշվի առնել, որ ոչ մի որոնողական համակարգ չունի ամբողջական տվյալներ ողջ համացանցի բոլոր էջերի մասին։ Այդ պատճառով, խորացված որոնումների ժամանակ գերադասելի է օգտվել նաեւ այլընտրանքային որոնողական մեքենաներից, քանի որ ինչ֊որ տվյալներ կարող են չլինել «Գուգլ»-ում, բայց կգտնվեն մեկ այլ համակարգում ։ Ռուսալեզու, իսկ ավելի ճիշտ, կյուրեղատառ էջերի որոնման համար կարելի է կիրառել «Yandex» համակարգը, քանի որ շատ հարցերում այն ավելի լավ է հասկանում ռուսերենը։ Նաեւ թուրքերեն որոնումների ժամանակ է կիրառելի «Յանդեքս»-ը, այս կազմակերպությունն առանձին աշխատում է թուրքական ուղղությամբ եւ նույնիսկ ունի հատուկ թուրքերեն տարբերակ: Մեկ ուրիշ այլընտրանք է նաեւ Bing.com-ը։ Եթե անսպասելի պետք լինի չինական հատվածի որոնում, ապա կարելի է օգտվել նաեւ Չինաստանի «Գուգլից» ֊ Baidu.com:

Որոնողական մեքենաներն ունենում են լրացուցիչ գործիքներ, որոնցից սովորաբար մարդիկ ոչ միայն չեն օգտվում, այլև նույնիսկ տեղյակ չեն դրանց մասին։ Իսկ հետաքննական լրագրության, փաստերի ստուգման համար հենց այդ գործիքներն են կարեւոր։

«Գուգլ»-ն ունի լրացուցիչ որոնողական օպերատորներ, որոնք թույլ են տալիս ցանցի զննումը նեղացնել մինչև մեկ կայքի սահմաններում, հեռացնել «բանալի» խոսքերը, գտնել ուզած ձևաչափի ֆայլեր եւ այլն։
Օգտակար օպերատորները․
site:example.com - Որոնում որոշակի կայքում

filetype:pdf - հստակ տեսակի ֆայլերի որոնում, օրինակ` pdf, doc, ppt, txt

-բառ - բառի վերացում որոնումից

"հստակ արտահայտության որոնում"

cache:example.com - «Գուգլ»-ում էջի պահպանված տարբերակի դիտարկում

Բացի դրանից, համակարգն ունի լրացուցիչ գործիքակազմ, որը հասանելի է «Tools» կոճակի միջոցով։ Այստեղ կարելի է հրահանգել ցուցադրել նյութեր միայն տրված ժամանակահատվածից, ընտրել կոնկրետ չափսի լուսանկարներ, հստակ տեւողության տեսանյութեր եւ այլն։
«Yandex»-ն ունի խորացված որոնման համակարգ, որը նույնպես թույլ է տալիս փնտրել հստակ արտահայտություն, գտնել էջի ջնջված կամ հին տարբերակը եւ այլն։
Ինչպես գտնել ջնջված կամ ձեւափոխված տեղեկատվությունը
Հաճախ անհրաժեշտ է լինում փնտրել ու գտնել հրապարակված նյութի նախնական տարբերակը, քանի որ այն, օրինակ, ձեւափոխվել է, վերացվել կամ կորսվել է կարեւոր տեղեկատվություն։ Կամ հնարավոր է` էջը ջնջվել է, մեկ այլ պատճառով էլ` տվյալ պահին անհասանելի է։ Նման դեպքերում այս տեղեկատվությունը հասանելի է դառնում որոնողական համակարգերի միջոցով, քանի որ դրանք հաճախ պահպանում են էջը` իր նախնական տեսքով։ Որոնողական համակարգում պահպանված էջը կոչվում է քեշ։ Քեշերը վերականգնելու համար «Գուգլ»-ում կիրառվում է cache: օպերատորը ամեն մի հղման համար։

«Գուգլ»-ում քեշերից հանած էջը պարունակում է այն օրը, ժամն ու րոպեն, երբ համակարգը իր մոտ ֆիքսել է տվյալ էջը։ Պետք է հաշվի առնել, որ համակարգը ներկայացնում է ժամանակն ըստ GMT, այսինքն՝ Լոնդոնի ժամանակով։ Երեւանի ժամանակին անցնելու համար հարկավոր է հաշվի առնել ամառային եւ ձմեռային ժամանակների փոփոխությունները, ինչի համար կարելի է օգտվել http://www.timebie.com/std/gmt.php ժամանակի կոնվերտորից:

Միշտ չէ, որ սա աշխատող տարբերակ է: Լինում են դեպքեր, երբ որոնողական համակարգը չի հասցնում պահպանել քեշը կամ, հակառակը, փոփոխութունից հետո վերանայում է էջը, եւ քեշում պահպանվում է արդեն վերջին տարբերակը, որն առանց այդ էլ հասանելի է ցանցում։ Այդ պատճառով, հարկավոր է փնտրել քեշերը միանգամից մի քանի համակարգերում, օրինակ` «Google», «Bing», «Yandex»։

Պետք է հաշվի առնել, որ ջնջված հին էջերի քեշը հաճախ վերացվում է նաեւ որոնողական համակարգերից։ Այդ դեպքում օգտվում ենք այլընտրանքային աղբյուրներից։ Օրինակ, կան կայքեր, որոնք պահպանում, իրենց մոտ արխիվացնում են համացանցը։ Այնպես որ, ջնջված, վաղուց նույնիսկ քեշերից վերացված էջերը հնարավոր է, որ գտնվեն ինտերնետային արխիվում` https://archive.org/web/:
Ինչպես ճշտել լուսանկարի աղբյուրը որոնողական համակարգի միջոցով
Մերօրյա որոնողական համակարգերը թույլ են տալիս որոնում կատարել լուսանկարների միջոցով։ Ներբեռնված նկարը գտնվում և ներկայացվում է այն բոլոր կայքերում, որոնցում տեղադրված է եղել։ Համակարգերը նաեւ գտնում են տվյալ լուսանկարի` ոչ շատ ձեւափոխված տարբերակները, օրինակ, եթե նկարը դեմոտիվատորի ձեւով է լինում։

Նման հնարավորություն տալիս են բոլոր մեծ համակարգերը։ Պետք է պարզապես այցելել դրանց` պատկերներ որոնող հատվածը․

https://images.google.com

https://www.bing.com/images/


https://yandex.ru/images/

Բացի դրանից, գոյություն ունի նկարների մասնագիտացված որոնողական համակարգ․
https://www.tineye.com/

Բոլոր այս համակարգերը աշխատում են թե ցանցում գտնված, թե համակարգչից կամ հեռախոսից բեռնված պատկերների հետ:

«Google Chrome» բրաուզերում նկարների վրա աջ քլիք կատարելով արդեն կարելի է որոնում իրականացնել։

Բացի դրանից, հնարավոր է ներբեռնել «Քրոմ»-ի հատուկ հավելվածը, որը միանգամից մի քանի համակարգում է կատարում որոնումը մեկ հպումով:
Լուսանկարների մետատվյալները

Յուրաքանչյուր լուսանկար պարունակում է մետատվյալներ, այսպես կոչված «EXIF» տվյալները, որոնք տեսանելի չեն, սակայն պարունակում են որոշակի տեղեկություն պատկերի մասին` որտե՞ղ է այն նկարվել (եթե նկարահանման սարքը տվյալ ֆունկցիան ունի կամ, ասենք, սմարթֆոնով է նկարահանվել), երբ է նկարվել, մշակվել է, թե` ոչ եւ այլն։ Տվյալները կարող են լինել շատ մանրամասն, ընդհուպ մինչեւ տեսախցիկի կարգավորումները։

Լուսանկարի մետատվյալները կարդալու համար կարելի է օգտվել օն֊լայն հարթակներից, օրինակ` «Jeffrey's Image Metadata Viewer» (http://exif.regex.info/exif.cgi) կամ Metapcz (http://metapicz.com):

Ուսումնասիրողը պետք է հաշվի առնի, որ մարդկանց մեծամասնությունը սոցցանցերից վերացնում, ջնջում է «EXIF» տվյալները։ Այսինքն, Ֆեյսբուքից ներբեռնած լուսանկարում իմաստ չունի մետատվյալներ որոնել։
Մետատվյալներ են պարունակում այլ տիպի ֆայլերը նույնպես։ Այսպես, տեքստային բազմաթիվ ֆայլեր պարունակում են տվյալներ այն համակարգչի օգտատիրոջ մասին, որտեղ խմբագրվել է տեքստը։ Որոշ դեպքերում այս տվյալները կարող են օգնել նույնականացնելու ֆայլը ստեղծողներին։ Նման մետատվյալները ստանալու համար կարելի է օգտագործել «Get Metadata» կայքը` https://www.get-metadata.com։
Ինչպես ճշտել տեսանյութի իսկությունը

Հաճախ տեսանյութերը օգտագործվում են բոլորովին այլ թեմայի վերաբերյալ հրապարակումներում։ Օրինակ, ուկրաինական պատերազմի տեսանյութերը կարող են վերագրվել արցախյան հակամարտությանը, սիրիական ռազմական տեսանյութերը կարող են կապվել ապրիլյան ռազմական գործողությունների հետ եւ այլն։

Որոնողական համակարգերը տեսանյութեր նույնպես կարող են փնտրել՝ հիմնվելով կադրերի վրա։ Այսինքն, տեսանյութից արված յուրաքանչյուր սքրինշոթ կարող է նույն որոնմանը ենթարկվել, ինչպես դա արվում է հասարակ պատկերի որոնման ժամանակ։ Տեսանյութից պատճենվում են մի քանի սքրինշոթեր եւ տեղադրվում որոնողական համակարգում։ Եթե տվյալ կադրերը կան բաց ու հասանելի տեսանյութերում, ապա համակարգը կգտնի դրանք։

Աշխատանքը հեշտացնող համակարգ գոյություն ունի, որն ինքն է կադրեր գեներացնում տեսանյութից եւ թույլ տալիս դրանք հեշտությամբ որոնել «Գուգլ»-ում։ Այդ համակարգը հասանելի է այստեղ` https://citizenevidence.amnestyusa.org/:

Առանձին կարելի է նշել «InVID» հարթակը, որը տրամադրում է մի շարք հնարավորություններ։ Այսպես, այն թույլ է տալիս զննել տեսանյութերը եւ լուսանկարները եւ գտնել հատկանշական ապրանքանշանները (լոգոներ), որոնք կարող են ուղղորդող լինել: http://logos.iti.gr/logos/ ծառայությունը թույլ է տալիս տեսանյութը բաժանել հատվածների, ճանաչել դրանցում պատկերված տարբեր իրեր ( http://multimedia2.iti.gr

Մյուս հիմնական ծառայությունը` http://caa.iti.gr/, նույնպես թույլ է տալիս տեսանյութից զատել սքրինշոթներ եւ որոնել դրանք։ Բացի դրանից, այստեղ կա նաեւ համացանցային համայնքի գործոնը, որի` տվյալ տեսանյութի վերաբերյալ մեկնաբանությունները օգտակար կլինեն լրագրողին (իհարկե, պետք է հաշվի առնել, որ հայաստանյան տեսանյութերը համայնքի հետաքրքրությանը դժվար թե արժանանան)։ Նաեւ տրամադրվում է տվյալ տեսանյութի թվիթերյան ժամանակացույցը, ինչը շատ հարմար է, դա նույնպես կարող է հուշել, թե որոնք են եղել սկզբնաղբյուրները։ Կա ևս մի կարեւոր գործիք․ հարթակը թույլ է տալիս տեսնել եղանակը տվյալ վայրում, տվյալ օրը եւ ժամին։ Կարճ ասած, եթե տեսանյութում հորդառատ անձրեւ է, իսկ եղանակի տեսությունը ցույց է տվել արեւոտ օր, ուրեմն այդ տեսանյութն արդեն կասկածելի է։
Եղանակի ստուգումն ընդհանրապես կարեւոր գործիք է։ Կարելի է օգտվել «WolframAlpha» որոնողական համակարգից եւ ճշտել եղանակը յուրաքանչյուր տեղանքում, յուրաքանչյուր օրվա համար։ Ընդ որում, այստեղ կարելի է գտնել լրացուցիչ տվյալներ, օրինակ` քամու ուժգնությունը։ Կարեւոր է հաշվի առնել, որ համակարգն ընդունում է անգլերեն հարցումներ, օրինակ` Weather in Hrazdan, October 15, 2016:
Տեսանյութերի զննում ըստ տեղանքի
Տեսանյութերի մանրամասներն օգտագործելու և որոնման մեջ կիրառելու համար հնարավոր է գործածել մի շարք գործիքներ։

Տեղանքը գտնելու, մանրուքների հիման վրա հասկանալու համար, թե որտեղ կարող էր այն տեսագրված լինել , կարելի է օգտագործել «Գուգլ»-ի քարտեզների ընդլայնված գործիքը` «Google Earth»-ը։ Այն ունի վեբ տարբերակ` https://earth.google.com/web։ Այս գործիքը թույլ է տալիս զննել երկրի ռելյեֆը, հասկանալ, թե լանդշաֆթի որ մասերն են երեւում և որ մասերն են քողարկված: Գործիքը թույլ է տալիս գտնել տեսանյութում ներկայացված տեղանքը, ինչպես նաև` հաշվում է կետերի միջեւ եղած հեռավորությունը, տեղանքի ընտրված հատվածի մակերեսը։

Գոյություն ունի ծրագրի դեսքթոփային տարբերակ, այն ավելի մեծ հնարավորություններ է առաջարկում։ Այստեղ, օրինակ, հնարավոր է գտնել տեղանքի արբանյակային պատկերների արխիվը` ըստ ժամանակացույցի։ Ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով` https://www.google.com/earth/desktop/:
Տեղանքի որոշման համար շատ բան կարող են հուշել ստվերները եւ դրանց ուղղությունը։ Գոյություն ունեն ծառայություններ, որոնք թույլ են տալիս հստակ աշխարհագրական դիրքում, կոնկրետ օրում եւ ժամին հաշվել ստվերների անկյունը եւ ուղղությունը։ Այսինքն, հնարավոր է հաստատել կամ հերքել, որ տեսանյութը (կամ լուսանկարը) կատարվել է նշված ժամին եւ օրը։ Նման ծառայություններից մեկը http://suncalc.net/ -ն է , մյուսը` https://www.suncalc.org ։ Տվյալ կայքն, ի դեպ, ունի նաեւ շարժական հավելված Անդրոիդ համակարգերի համար:
Արբանյակային քարտեզագրական տվյալներ

Հաճախ պետք է լինում տեղանքը ուսումնասիրելու համար դիտարկել արբանյակային պատկերներ։ Ամենատարածվածը «Google Maps» արբանյակային տարբերակն է, որը հասանելի է գրեթե բոլորին։ Ավելի մանրամասն հնարավորություններ է տալիս «Google Earth»-ը, որը թույլ է տալիս դիտել արխիվը եւ գտնել լուսանկարների ավելի վաղ տարբերակները։ Սովորաբար, «Գուգլ»-ն այնքան էլ արագ չի թարմացնում քարտեզները, դա վերաբերում է հատկապես քիչ այցելվող տարածքներին։ Հետևաբար, այս արխիվը հիմնականում պարունակում է մի քանի տարվա վաղեմության արբանյակային լուսանկարներ։ Ավելի գերադասելի է օգտագործել արբանյակային պատկերներ պարունակող այլ հարթակները ևս և ավելի ստույգ գտնել որոշակի ժամանակահատվածի արխիվային պատկերները։

Կան մի շարք հարթակներ, որոնք նման պատկերներ անվճար են տրամադրում։ Անվճար տարբերակներն են`

1. Here Maps https://wego.here.com
2. Bing Maps https://www.bing.com/maps/

Կան արբանյակային պատկերներ տրամադրող կոմերցիոն հարթակներ, որոնք նույնպես կարող են կիրառվել` որոշ սահմանափակումներով։

Այսպես, «EOS» համակարգը` https://eos.com/landviewer/, թույլ է տալիս տեսնել շատ թարմ ու բավականին մանրամասն պատկերներ։ Տվյալ հարթակում հարկավոր է գրանցվել եւ անվճար տարբերակում օրական տասը պատկեր դիտել։ «Planet»-ը` https://www.planet.com/, նույնպես ներկայացնում է մանրամասն պատկերներ եւ թարմ ժամանակացույց։ Սա վճարովի ծառայություն է, սակայն փորձնական շրջանում թույլ է տալիս անվճար օգտվել տվյալների շտեմարանից։

Տեղանքի ուսումնասիրությունը քարտեզագրական ծառայությունների միջոցով նաեւ թույլ է տալիս անմիջապես վիզուալ ուսումնասիրել տեղանքը։ Այսպես, «Google Maps»-ը տրամադրում է «Street View» տարբերակը` ընտրված տեղանքում վիզուալ «քայլելու» համար։ Մի շարք քաղաքներում հենց «Google»֊ի թիմն է իրականացրել նկարահանումները, որոնք թույլ են տալիս ողջ տարածքը, առանց կտրվածքների, ուսումնասիրել 360 աստիճանանոց պատկերներով։ Իհարկե, տվյալ պատկերները հնանում են։ Բացի դրանից, օրինակ, Հայաստանում, «Google Maps»֊ը լուսանկարներ է հավաքագրում օգտատերերից ։ Պետք է վերապահումներով զննել այդ լուսանկարները, քանի որ հաճախ լինում են սխալներ, պատահում են նաև դատարկ հատվածներ։

Նման ծառայություն տրամադրում է նաեւ «Bing»-ը: Ռուսաստանի Դաշնության տարածքը մանրամասնորեն ցույց է տալիս «Yandex»-ը: Հայաստանի պարագայում առայժմ միայն Երեւանի տարածքն է նկարահանված։ «Mappilary»` https://www.mapillary.com –ը, նույն բանն անում է դարձյալ օգտատերերից հավաքած լուսանկարների միջոցով։

«OpenStreetCam»-ը` http://www.openstreetcam.org, տալիս է մուտք դեպի բաց, հանրային վեբ-տեսախցիկները։ Սա նույնպես շատ տեղերում և անգամ երկրներում, օրինակ` Հայաստանում, չի աշխատում։

Հասցեների ստուգումը նույնպես գերադասելի է իրականացնել մի քանի քարտեզով, քանի որ բոլոր քարտեզներն ունեն հասցեագրական սխալներ։ Լրացուցիչ կարելի է օգտագործել եւս երկու ծառայություն։ Մեկը «OpenStreetMap» - ն է` http://www.openstreetcam.org – ը, որը օգտատերերի կողմից լրացվող քարտեզ է եւ հաճախ ավելի ճշգրիտ հատվածներ ունի, քան «Google Maps»-ը: Մյուս նման հարթակը «Wikimapia»֊ն է` http://wikimapia.org - ը։ Այստեղ կա լրացուցիչ օգտակար հնարավորություն․ ընտրված փողոցի վրա առանձին դիտարկվում են նշանավոր օբյեկտները։
Կայքերի նախնական զննում

Առաջին քայլը պետք է լինի կայքի արտաքին մանրամասն զննումը։ Էլեկտրոնային փոստի բոլոր հնարավոր տվյալները, սոցցանցերի հղումները, հեռախոսահամարները կարող են բացահայտումների աղբյուր դառնալ։ Էլեկտրոնային փոստի հասցեները որոնելիս հարկավոր է կիրառել չակերտների օպերատորը` (" ")։ Հակառակ դեպքում որոնողական համակարգը ոչ կոռեկտ պատասխաններ կտա։ Նաեւ էլեկտրոնային փոստի օգտատիրոջ անունը (որը գտնվում է @ նշանից ձախ հատվածում) նույնպես պետք է ենթարկել որոնման. հնարավոր է, որ նման մուտքանուն գրանցված լինի որևէ սոցիալական ցանցում կամ այլ հարթակում։ Հեռախոսի համարը հարկավոր է որոնել թե երկրի կոդով, թե` առանց դրա։ Օրինակ` +37456555555 եւ 056 555555։

Նորաստեղծ կեղծ կայքերը բավականին հեշտ են բացահայտվում, քանի որ գոյություն ունի «Whois» գլոբալ ծառայությունը, որը թույլ է տալիս ճշտել, թե ում անունով է գրանցված տվյալ կայքը, ավելի ճիշտ` կայքի դոմենային անունը։ Ստուգման նմանատիպ հարթակները շատ են, օրինակ` https://www.whois.com/ - ը ։ Սրա հայաստանյան .am եւ ․հայ դոմենային տիրույթներում տվյալների որոնման համակարգն է «AMNIC» - ը` https://www.amnic.net/whois/:
Ստուգումների ընթացքում կարեւոր է հաշվի առնել մի քանի հանգամանք:

ա․ Այսօր միջազգային գործընթացները, ԵՄ ընդունած GDPR անձնական տվյալների պաշտպանության կանոնակարգը պարտադրում են բազմաթիվ դոմենային գրանցողների` թաքցնել իրական տերերի տվյալները:

բ․ Պետք է հաշվի առնել, որ լրատվական կայքի դեպքում որպես գրանցող կարող է հանդես գալ թե խմբագիրը, թե լրատվամիջոցի տերը, թե տեխնիկական սպասարկողը:

գ․ Կան կազմակերպություններ, որոնք կայքերը գրանցում են միջնորդ կազմակերպությունների միջոցով, որոնք էլ գրանցումը կատարելիս իրենց տվյալներն են ներկայացնում՝ թաքցնելով իրական տիրոջը։ Օրինակ, «Domains By Proxy» - ը նման կազմակերպություն է։
Կայքերի խորացված զննում

Որոշ բաներ հնարավոր է հասկանալ՝ դիտարկելով կայքի կոդը: Դա հնարավոր է անել բրաուզերում մկնիկի աջ սեղմումով՝ ընտրելով «View Page Source» տողը։ Սրա միջոցով որոշ դեպքերում կարելի է հայտնաբերել կայքը ստեղծող կազմակերպության անվանումը, թեև կայքում այն հաճախ չի երեւում։ Կամ կարելի է պարզել, թե ինչ համակարգի վրա է աշխատում կայքը։

Անանուն կայքերը հաճախ բացահայտում են իրենց տերերին Google Analitics կոդը պարունակելու պատճառով։ Տվյալ համակարգն այնպես է աշխատում , որ ներքին կոդից հնարավոր է հասկանալ, որ մի քանի կայք ղեկավարվում են մեկ մարդու կողմից։

Օրինակ, եթե երեք կայք ունեն մեկ ղեկավար, որն իր Google Analitics հաշվից է վերահսկում դրանք, ապա կայքերի կոդերը կպարունակեն նմանատիպ, միմյանցից միայն վերջին թվով տարբերվող համարներ, ասենք՝ UA-38418329-1, UA-38418329-2, UA-38418329-3։ Այստեղ UA-ը Google Analitics - ի ընդհանուր դասիչն է, իսկ 38418329՝ կոնկրետ հաշվի համարն է։ Նման կերպ համակարգված կայքերը հնարավոր է գտնել Domeye հարթակի միջոցով՝ https://xaviesteve.com/domeye/ ։
Հաշիվների ստուգումը սոցիալական ցանցերում

Եթե լրագրողին պետք է ճշտել սոցցանցային հաշվի իրական լինելը, իհարկե, ամենաարդյունավետ ձեւն է տվյալ օգտատիրոջ հետ կապի մեջ մտնել եւ տեսաձայնային կապ առաջարկել: Նման դեպքերը հազվադեպ են, սակայն աղբյուրն այդպես կարող է հաստատել, որ ինքը իրական է։

Լրագրողն ստիպված է ինքնուրույն հասկանալ կեղծ է, թե իրական տվյալ օգտատերը։ Առաջին քայլը պետք է լինի օգտատիրոջ լուսանկարի ստուգումը որոնողական համակարգերի միջոցով։ Երբեմն կեղծ օգտատերերի նկարները հայտնաբերվում են այլ օգտատերերի մոտ կամ նույնիսկ ամսագրերում։ Twitter – ի ու Instagram – ի դեպքում հարկավոր է ուսումնասիրել գրառումների քանակը եւ ակտիվությունը։

Հաճախ կեղծ օգտատերերը կամ գերշատ, կամ էլ հակառակը՝ շատ քիչ գրառումներ են ունենում։ Հարկավոր է հնարավորին չափ ուշադիր ուսումնասիրել բոլոր տվյալները եւ գտնել հնարավոր հակասությունները։
Էլեկտրոնային փոստերի ստուգում

Հաճախ հարկավոր է ճշտել, թե այս կամ այն էլեկտրոնային փոստը ինչ հետքեր ունի սոցիալական ցանցերում կամ այլ հարթակներում։ Այսպես, «Email Sherlock» –ը (https://www.emailsherlock.com/) թույլ է տալիս տեսնել, թե որ հարթակներում է օգտագործվել տվյալ էլեկտրոնային փոստը։ Կարելի է փոստի հասցեի որոնում իրականացնել ՝ օգտագործելով չակերտները։ Օրինակ՝ andznavorutyun@example.com:
Խորացված որոնում սոցցանցերում

Ավելի մանրամասն ուսումնասիրությունը պետք է իրականացվի ներքին որոնողական հնարավորությունների միջոցով, հարկավոր է զննել օգտատիրոջ գործողությունները սոցցանցում։

Twitter֊ի դեպքում աշխատում է ներքին խորացված որոնողական հարթակը՝ https://twitter.com/search-advanced , որն ունի նաեւ լրացուցիչ որոնողական օպերատորների կիրառման հնարավորություն։

Օպերատոր

Գործողություն

"Ընտրատեղամասերը Հրազդանում"

ՄՄԶ OR ՊՊԶ

ՄՄԶ -ՊՊԶ

Որոնում է հստակ արտահայտությունը , ինչպես, օրինակ Google֊ում:

Կամ֊կամ որոնում

Պարունակում է "ՄՄԶ", բայց ոչ "ՊՊԶ" հապավումը:

#haiku

Որոնում ըստ հեշթեգի

from:ArmenianPolice

to:ArmenianPolice

@ArmenianPolice

"Ընտրախախտումներ տարածքում" near:"Yerevan"

near:Yerevan within:15mi

Սա կոնկրետ օգտատիրոջից ուղարկված գրառումներն են․
"ArmenianPolice":


Սա կոնկրետ օգտատիրոջն ուղղված գրառումներն են․ "ArmenianPolice:



Կոնկրետ օգտատիրոջը նշող գրառումներն են/ "ArmenianPolice":

Պարունակում է "Ընտրախախտումներ տարածքում" արտահայտությունը եւ ուղարկված է Երեւանի մոտակայքից:

Ուղարկված է Երեւանի մոտակայքից՝ մոտավորապես 15 մղոն հեռավորությունից:

մտահոգ since:2010-12-27
մտահոգ until:2010-12-27

Պարունակում է "մտահոգ" բառը եւ գրված է տվյալ օրվանից հետո "2010-12-27" (Տարի֊ամիս֊օր):

Պարունակում է "մտահոգ" բառը եւ գրված է մինչեւ տվյալ օրը՝ "2010-12-27":

Պարունակում է "բարբարոս" բառը եւ կայքի հղում ունի:
բարբարոս filter:links

Facebook–ն ունի ներքին մանրամասն որոնողական հնարավորություններ՝ կապված կոնկրետ օգտատիրոջ գործողությունների հետ։ Կարելի է իմանալ, թե որտեղ է եղել մարդը (եթե նշել է սոցցանցում), որ լուսանկարներն է լայքել, որ իրադարձությունները (Event) նա է ստեղծել, որոնց նրան հրավիրել են եւ այլն։

Բուն սոցցանցում հարցումները բարդ են, հարկավոր է դրանց հստակ ձեւերը մտքում պահել: Դրա համար գոյություն ունեն հարթակներ, որոնք հեշտացնում են տվյալ գործողությունները։ Օրինակ, «IntelTechniques» (https://inteltechniques.com/menu.html), «Graph» (graph.tips/beta ):

Օգտատիրոջ անվանումը (username) տարբեր սոցցացներում եւ հարթակներում որոնելը նույնպես օգտավետ է լրացուցիչ ուսումնասիրությունների համար։ «Namechk»-ը թույլ է տալիս միանգամից բոլոր հայտնի հարթակներում գտնել տվյալ օգտատիրոջ անվան օգտագործումը՝ https://namechk.com/:
Սոցցանցերի գրառումների որոնումն ըստ տեղանքի

Հաճախ շատ կարեւոր է գտնել տվյալ տեղանքում օգտատերերի կողմից տեղադրված տեղեկատվությունը․ գրառումները, տեսանյութերն ու ուղիղ եթերները։ Տարբեր հարթակներ տարբեր հնարավորություններ են տալիս։

Instagram-ն այս պահին սահմանափակել է երրորդ կողմի ծառայությունների կողմից տեղեկատվության ստացումը։ Սակայն, ներքին որոնողական համակարգը թույլ է տալիս դիտել կոնկրետ տեղանքում կատարված նկարներն ու տեսանյութերը։

Facebook-ն ունի առանձին հարթակ, որտեղ ցուցադրում է քարտեզի վրա այս պահին իրականացվող ուղիղ եթերները՝ https://www.facebook.com/live:

Vkontakte-ում տեղադրված լուսանկարները տեղանքի եւ այլ պարամետրների մանրամասն ներկայացմամբ հնարավոր է գտնել, օրինակ՝ http://photo-map.ru/ կամ http://snradar.azurewebsites.net/search:

Youtube-ը նույնպես տալիս է հնարավորություն գտնել կոնկրետ վայրում տեղադրված տեսանյութերը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝

E-mail: info@pjc.am
Facebook | Twitter | PJC
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website